Գործարարները մեկ տարով կարող են հանգիստ շունչ քաշել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեկ ամբողջ տարի Ազգային ժողովը չի քննարկելու հարկային փոփոխությունների փաթեթներ։ Նման օրենսդրական նախաձեռնություններ քննարկվում էին գրեթե յուրաքանչյուր քառօրյայի ընթացքում, բիզնեսով զբաղվող մարդիկ ու հատկապես հաշվապահներն էլ չէին հասցնում «մարսել» հարկային մի փոփոխություն, հաջորդում էր նորը։ Այս տարվա բյուջեն էլ, պարզվում է, հարկային դաշտը ցնցումների չի ենթարկի։ Այլ խոսքով, 2014-ին ոչ մի հարկային նորամուծություն չի ակնկալվում։ Սակայն այս տարվա բյուջեն մեկ այլ ուշագրավ դրվագ էլ ունի. խոսքը ստվերի մասին է։ Ստվերի կրճատման պաշտոնական տվյալներն իրականում այնքան էլ հավաստի չեն։ Կրկին ստվերում է մնացել երբեք հարկային դաշտ ոտք չդրած բիզնես հատվածը։ Բյուջեն լրջորեն ուսումնասիրող ուշադիր տնտեսագետի աչքից հաստատ չի վրիպի թվերի այս անհամապատասխանությունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ